Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մասամբ ճանաչված Կոսովոյի հանրապետությունում ճգնաժամը շարունակվում եւ խորանում է։ Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Կոսովոյի ղեկավարի հետ բանակցություններից հետո ԵՄ-ից երաշխիք ստանա, համաձայնագիրը կլինի միայն «մի փոքր հարցի մասով»։ Նա նաեւ խորհրդարանում Սերբիայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ժամանակավոր վարչապետ Անա Բռնաբիչին: Այս մասին Վուչիչը հայտարարել է ազգին ուղղված հեռուստաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ճգնաժամը, ամեն դեպքում, շարունակվում եւ խորանում է, կարեւոր է, որպեսզի մենք խաղաղ արձագանքենք եւ որպեսզի մեզ չմեղադրեն բանակցությունների ձախողման համար… Ես վախենում եմ, որ ճգնաժամը Կոսովոյում մինչեւ հոկտեմբերի 30-ը չի ավարտվի, այլ կխորանա։ Մենք նահանջի տեղ չունենք»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը։

Նա նշել է, որ Բրյուսելում Կոսովոյի հետ վերջին բանակցություններն առանց արդյունքի ավարտվեցին, այժմ Սերբիան սպասում է «դրանց վերաբերյալ ԵՄ վերջնական պատասխանին»։ «Եթե ոչ, ապա մենք որեւէ հարցի շուրջ համաձայնություն չունենք, իսկ եթե երաշխավորում են, ապա կլինի մի փոքր հարցի շուրջ»,- նշել է Սերբիայի նախագահը։

Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետության շուրջ իրավիճակը սրվեց հուլիսին։ Հակամարտության կատալիզատորը Պրիշտինայի Կոսովոյի հյուսիսում ապրող սերբերին Սերբիայում տրված ավտոմեքենաների համարները փոխարինելու որոշումն էր։ Օգոստոսի 18-ին Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի առաջնորդ Ալբին Կուրտին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ իրավիճակի զարգացումները քննարկելու համար, գրում է «Կոմերսանտ»-ը։