Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը տեղեկացրել է, որ կաշխատի խորացնել պաշտպանական կապերը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ՝ այս շաբաթ կայանալիք հանդիպումների ընթացքում, եւ նշել, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը մեծացրել է համախոհների հետ աշխատելու կարեւորությունը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Մայիսին կայացած ընտրություններից հետո Ավստրալիայի ձախ կենտրոնամետ Լեյբորիստական կուսակցության իշխանության գալուց հետո նախարարն առաջին անգամ այցով կլինի Եվրոպայում օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ուղեւորության ընթացքում նախարարը կհանդիպի գործընկերների հետ, ինչը, ըստ կառավարության, հնարավորություն է եվրոպական պաշտպանական կապերի ամրապնդմանն Ավստրալիայի նվիրվածությունը ցույց տալու համար:

Կառավարությունը նշել է, որ Ֆրանսիա կատարած այցը կօգնի «վերակառուցել եւ թարմացնել» նրանց երկկողմ հարաբերությունները եւ Ֆրանսիան անվանել Ավստրալիայի ամենահին եւ ամենակարող գործընկերներից մեկը: Անցյալ տարի ֆրանսիական սուզանավերի մատակարարման մի քանի միլիարդ դոլար արժողությամբ գործարքից դուրս գալու որոշում ընդունելուց հետո՝ հունիսին Ավստրալիան 555 միլիոն եվրոյի գործարք է կնքել ֆրանսիական Naval Group ռազմական նավաշինական գործարանի հետ:

Կանբերան հուսով էր, որ համաձայնագիրը կօգնի լրացնել երկրների միջեւ առկա բացը այն բանից հետո, երբ գործարքը չեղարկվել էր՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի (AUKUS): Այս շաբաթ կայանալիք իր ուղեւորության ընթացքում Մարլսը կմասնակցի Գերմանիայում պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ կլոր սեղանին, իսկ Մեծ Բրիտանիայում նա կայցելի նավաշինական գործարաններ:

«Մեր հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ պատմական են եւ փոխշահավետ, ինչը արտացոլված է AUKUS ծրագրին մեր շարունակական նվիրվածության մեջ: Իմ այցը Եվրոպա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց համախոհների հետ համագործակցության ընդլայնման կարեւորությունը ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ասվում է Մարլզի տարածած հայտարարության մեջ:

Ուղեւորությունը ծրագրվել է Մարլզի Ճապոնիա այցից հետո, որը նպատակ է ունեցել խթանել երկկողմ պաշտպանական համագործակցությունը՝ փորձելով հակակշռել Չինաստանի աճող ռազմական ազդեցությունն Ասիայում: