Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծության հետեւանքով խոցվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի տանիքը, որտեղ պահվում է կայանի ռեակտորների համար թարմ վառելիքը, հայտնում է RT-ն։

Այս մասին Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է Telegram-ի իր ալիքում՝ տեսագրությունն ուղեկցելով վնասված տանիքի լուսանկարներով։

«Զապորոժիեի ԱԷԿ-ի №1 հատուկ մասնաշենքի տանիքը խոցվել է Զելենսկու գրոհայինների հարվածի հետեւանքով։ Այս շենքում է պահվում ԶԱԷԿ-ի ռեակտորների համար թարմ վառելիքը»,- գրել է Ռոգովը։

Ավելի վաղ Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին կարծիք էր հայտնել, որ ուկրաինացի զինվորականների գնդակոծությունների պատճառով Զապորոժիեի ատոմակայանում հնարավոր վթարն իր հետեւանքներով համեմատելի կլինի Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ողբերգությունների հետ։

Ինչպես նշել են Կրեմլում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելությունը Զապորոժիեի ատոմակայան կժամանի ուկրաինացի զինվորականների կողմից վերահսկվող գոտու միջոցով։