Իրաքի նախարարների կաբինետի նիստերը հետաձգվել են Բաղդադում ցուցարարների ներխուժման պատճառով, հայտարարել է երկրի վարչապետ Մուստաֆա Քազիմին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրաքի ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտում» Հանրապետական պալատ՝ Իրաքի կառավարության գլխավոր գրասենյակ, որտեղ բախումներ են սկսվել նրանց եւ իրավապահների միջեւ։

«Վարչապետը՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, հանձնարարում է նախարարների խորհրդին մինչեւ հաջորդ ծանուցում դադարեցնել նիստերը՝ կապված կառավարության պալատում մի խումբ ցուցարարների ներթափանցման հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Երկուշաբթի օրը աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքի ցույցերը խորհրդարանում, հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: Ազդեցիկ շիա հոգեւորականններից եւ քաղաքական գործիչներից մեկն ակնարկել է նաեւ, որ նրան կարող են սպանել։

Իրաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել՝ անկարգությունները դադարեցնելու համար։

Մուկթադա աս-Սադրը Իրաքի ամենահզոր շիա իմամներից մեկն է, որը կարող է իր հազարավոր կողմնակիցներին փողոց դուրս բերել: Նա գլխավորել է նաեւ «Ալ-Սայրուն» շարժումը, որը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ մանդատները: Սակայն նույնիսկ քաղաքական դաշնակիցների հետ միավորվելով՝ «Ալ-Սայրունը» չի կարողացել հասնել իրեն ձեռնտու վարչապետի եւ նախագահի նշանակմանը։ Արդյունքում հունիսի կեսերին իրենց իմամի հրամանով «Աս-Սայրուն»-ի պատգամավորները հրաժարական են տվել։ Մուկթադա աս-Սադրը պահանջել է նոր ընտրություններ, իսկ հուլիսի վերջին նրա կողմնակիցներն արգելափակել են խորհրդարանը՝ նստացույց անելով շենքի շուրջը։

Օգոստոսի կեսերին Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի նախաձեռնությամբ երկրի քաղաքական ուժերը համաձայնել են ազգային երկխոսություն վարել։ Սակայն Մուկթադա աս-Սադրը հրաժարվել է միանալ մեծամասնությանը։