Իրաքի անվտանգության ծառայությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Բաղդադի Հանրապետական պալատը՝ արցունքաբեր գազ կիրառելով շիա քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների դեմ, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Բաղդադում պարետային ժամ է մտցվել։ Al-Arabiya-ի փոխանցմամբ՝ անվտանգության ուժերի կողմից ծխային ռումբերի եւ մարտական զինամթերքի կիրառման հետեւանքով տուժել է 35 ցուցարար։ Reuters-ը հայտնում է երկու զոհված եւ 19 վիրավոր ցուցարարների մասին։

Իրաքի անվտանգության ծառայությունը տեղական ժամանակով ժամը 15:30-ից պարետային ժամ է հայտարարել եւ ցուցարարներին կոչ է արել լքել «կանաչ գոտին»։

«Անվտանգության ծառայությունը պատասխանատվություն է կրում պետական հաստատությունների, միջազգային առաքելությունների, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության համար։ Խաղաղ ցուցարարների դեմ պայքարն իրականացվում է սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան»,- ասվում է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ։

Այն բանից հետո, երբ շիա իմամ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից «չլուծված քաղաքական փակուղու պատճառով», նրա հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի»: Ցուցարարները փորձել են գրոհել նաեւ «կանաչ գոտում» գտնվող Հանրապետական պալատը՝ Իրաքի կառավարության գլխավոր գրասենյակը, որտեղ բախումներ են տեղի ունեցել նրանց եւ իրավապահների միջեւ, գրում է «Կոմերսանտը»։