Բելառուսի Լիդա շրջանի դատարանը ծայրահեղական է ճանաչել Վեյշնորիա վիրտուալ պետության սոցցանցերի նյութերը, պետությունը հորինվել է ռուս-բելառուսական «Արեւմուտք-2017» զորավարժությունների կազմակերպիչների կողմից՝ որպես մտացածին ագրեսոր-պետություն։ Այս մասին հայտնում է բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը։
Ծայրահեղականների ցանկում են Վեյշնորիայի աքաունթները Youtube-ում, Telegram-ում, VKontakte-ում, Facebook-ում (Meta-ն ծայրահեղական կազմակերպություն է ճանաչվել), Instagram-ում, «Օդնոկլասնիկի»-ում եւ TikTok-ում։
2017-ին համացանցային համայնքը կատակով սեփական արտաքին գործերի նախարարություն, արժույթ, պետական խորհրդանիշ եւ վիրտուալ անձնագրեր էր ստեղծել Վեյշնորիայի համար։ Հորինված պետության կայքում հրապարակվել է պատմական տեղեկանքը, որում ասվում է, որ «նախապատմական ժամանակներում պրոտո-վեյշնորսիների ցեղը հաշտ ու ներդաշնակ ապրում էր Հիպերբորեայի ու Ատլանտիդիայի հսկայական տարածություններում»։
Կայքի հեղինակները Վեյշնորիայի պատմության մեջ շրջադարձային են անվանում «Զապադ-2017» զորավարժությունները, որոնք «վեյշնորյանների գլխում ինչ-որ պտուտակներ պտտեցին եւ ստիպեցին նրանց դուրս գալ «Ներքին Վեյշնորիայի» խորքից»:
Ըստ հորինված պետության պաշտոնական կայքի՝ դրա քաղաքացիներ են հանդիսանում 19 հազար մարդ։
Վեյշնորիայից բացի, որը պայմանականորեն գտնվում էր Բելառուսի արեւմտյան մասում, «Արեւմուտք-2017»-ի կազմակերպիչները հորինել են նաեւ Լիտվայի եւ Լատվիայի տարածքում գտնվող Վեսբարիան եւ Լիտվայի ու Լեհաստանի տարածքում տեղակայված Լուբենիան։




























