Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերից գազի ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) 21 տոկոսից կնվազեցնի մինչեւ 5 տոկոս, որպեսզի պակասեցնի գազի գների աճի ազդեցությունը կոմունալ ծառայությունների հաշիվների վրա, հինգշաբթի ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը, հայտնում է Reuters-ը։
Այս միջոցառումը կհանգեցնի եռամսյակում մոտ 190 միլիոն եվրոյի եկամուտների կորստի, հինգշաբթի ավելի ուշ լրագրողներին ասել է բյուջեի նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն:
Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը երկու անգամ մինչեւ 5 տոկոս նվազեցրել է էլեկտրաէներգիայի ավելացված արժեքի հարկը։
Էլեկտրաէներգիայի արժեքը կտրուկ աճել է՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, քանի որ Ռուսաստանը Եվրոպա բնական գազի հիմնական մատակարարն է՝ ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Իսպանիան Եվրամիության իր գործընկերների հետ միասին պարտավորվել է կրճատել գազի սպառումը 7 տոկոսով, թեեւ այս տարի իսպանական գազի սպառումը նախորդ տարվա համեմատ աճել է։
Ամառային շոգը հովացման սարքերի համար էլեկտրաէներգիայի պահանջարկի կտրուկ աճ է առաջացրել, ինչպես նաեւ նվազեցրել է հիդրոէլեկտրակայանների արտադրությունը, որը Իսպանիայում էներգիայի մեծ աղբյուր է՝ ջրի պակասի պատճառով:




























