Իսրայելն իր ռազմաօդային ուժերի համար չորս Boeing Co KC-46A տանկեր կգնի, հինգշաբթի հայտարարել են Իսրայելի կառավարությունը եւ ամերիկյան պաշտպանական կապալառուն: Գործարքը գնահատվում է 927 միլիոն դոլար, իսկ առաջին ինքնաթիռների մատակարարումը նախատեսվում է 2025 թվականին, հաղորդում է Reuters-ը։
Տանկերները կփոխարինեն տասնամյակների վաղեմության վերասարքավորված Boeing 707 ինքնաթիռներին, որոնք Իսրայելը ներկայումս օգտագործում է օդում վառելիքով լիցքավորելու համար, եւ դրանք «կարող են օգնել նրան ցույց տալ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մտադրությունների լրջությունը»։
Շնորհակալություն հայտնելով Պենտագոնին KC-46A-ի գնումը արագ հաստատելու համար՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն ասել է, որ տանկերները «հնարավորություն կտան ՑԱԽԱԼ-ին (Իսրայելի պաշտպանության ուժեր) դիմակայել անվտանգության մարտահրավերներին մոտ եւ հեռու տարածություններից»:
2020 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մինչեւ ութ Boeing տանկեր-ինքնաթիռների եւ հարակից սարքավորումների պոտենցիալ վաճառքին՝ 2,4 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: Իսրայելը կոչ է արել հնարավորության դեպքում արագացնել առաքման ժամանակացույցը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը (IAF) իրենց Boeing 707 տանկերները նկարագրում են որպես ավելի քան 45 տարեկան, որոնք պահեստամասերի դեֆիցիտ ունեն:
KC-46A-ները կկարողանան 30 տոկոսով ավելի շատ վառելիք տեղափոխել՝ միաժամանակ 30 տոկոսով քիչ սպառելով, ասվում է 2021 թվականի մարտի IAF ամսագրի հոդվածում: «Դա (թույլ կտա մեզ) զգալիորեն մեծացնել թռիչքների հեռավորությունը,- մեջբերում է ամսագիրը ռազմաօդային ուժերի մայորներից մեկի խոսքերը,- Բացի այդ, այս ինքնաթիռը կարող է լիցքավորել այլ ինքնաթիռներ՝ միաժամանակ մեկ այլ KC-46-ից լիցքավորելով, ինչի հնարավորությունը չկա լիցքավորող Boeing 707 ինքնաթիռի դեպքում: Սա տեսականորեն մեծացնում է նրա թռիչքի հեռավորությունը՝ մինչեւ անսահմանություն»:





























