Մյանմայի ռազմական դատարանը երկրի նախկին պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին դատապարտել է երեք տարվա ազատազրկման ընտրություններում կեղծիքների համար։ Այս մասին տեղեկացրել է «Բի-բի-սի»-ն՝ հղում կատարելով քաղաքական գործչի փաստաբանին։
77-ամյա Աուն Սան Սու Չժին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման 11 մեղադրական կետով։ Եթե քաղաքական գործչին մեղավոր ճանաչեն մեղադրանքի մնացած կետերով, նրա բանտարկության ընդհանուր ժամկետը կկազմի մոտ 200 տարի։
Քաղաքական գործչի փաստաբանների խոսքով՝ նոր դատավճիռը ենթադրում է տաժանակիր աշխատանքներ։ Հասարակությունը եւ ԶԼՄ-ները չեն կարողացել մասնակցել լսումներին, իսկ Աուն Սան Սու Չժիին արգելել են շփվել մամուլի հետ, գրել է «Բի-բի-սի»-ն։
Օգոստոսի 15-ին դատարանը Աուն Սան Սու Չժիին դատապարտել էր եւս վեց տարվա ազատազրկման կոռուպցիայի մասին չորս գործով։
2022թ. ապրիլին տեղի դատարանը արդեն դատապարտել էր «Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի» առաջնորդին հինգ տարվա բանտարկության՝ կոռուպցիայի մասին մեղադրանքներից առաջինով, որոնք նրա դեմ հարուցվել են երկրում պետական հեղաշրջումից հետո։
Մյանմայի դեմոկրատական ղեկավարությունը տապալվեց 2021թ. փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից հետո։ Պատրվակ հանդիսացան ենթադրյալ մասշտաբային կեղծարարությունները 2020թ. նոյեմբերի ընտրությունների ժամանակ, որոնց մասին հայտարարել էին զինվորականները։ Հեղաշրջման դեմ բողոքները դաժանաբար ճնշվեցին՝ հանգեցնելով զոհերի տեղի բնակչության շրջանում։





























