Ես համախմբման եւ վճռական գործողությունների կոչ եմ անում համաքաղաքացիներին՝ հասնելու համար Դիմադրության շարժման նպատակներին, որոնցից գլխավորը պայքարն է անկախության համար։ Այս մասին Երեւանի կենտրոնում, Ֆրանսիայի հրապարակում սեպտեմբերի 2-ին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակներին ձեւավորվել էր հայկական երկու հանրապետությունների անվտանգության ընդհանուր եւ ամուր համակարգ։ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն էր, իսկ Ղարաբաղը կանգնած էր ողջ Հայկական բարձրավանդակի սահմանների պաշտպանության դիրքերում։

«Մենք պարտավոր ենք պաշտպանել ղարաբաղցիներին»,- ընդգծել է Օհանյանը՝ գործող իշխանություններին մեղադրելով  հայ ժողովրդի պառակտման մեջ։

Պաշտպանության նախկին նախարարը նաեւ քննադատել է գործող իշխանությունների մի շարք նախաձեռնությունները։ Խոսքը, մասնավորապես, ժամկետային ծառայության ժամկետի կրճատման, բանակի ծառայությունից վճարի (24 մլն դրամ – խմբ.) դիմաց ազատվելու, ինչպես նաեւ պատերազմին մասնակցած գեներալների քրեական հետապնդումների մասին է։ Օհանյանի կարծիքով՝ իշխանություններն այդ կերպ փորձում են շեղել հասարակության ուշադդրությունը իսկապես բարդ խնդիրներից ու մարտահրավերներից, որոնք կանգնած են ժողովրդի առջեւ։