Օգոստոսին նավթի եւ գազի վաճառքից Ռուսաստանի եկամուտները կազմել են 672 մլրդ ռուբլի, ինչը 3,4 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ծավալը նվազագույնն է 2021 թվականի հունիսից ի վեր։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ֆինանսների նախարարության վիճակագրությանը։
Այս արդյունքը ստացվել է ռուսական Urals տեսակի նավթի գների տարեկան 9,9 տոկոսով աճից՝ մինչեւ բարելի դիմաց 74,7 դոլար։ Սակայն ազգային արժույթի ամրապնդումը հանգեցրել է նրան, որ ռուբլու արտահայտությամբ հումքի արժեքը նվազել է։
Բյուջեի եկամուտների հիմնական մասը՝ 745 մլրդ ռուբլի, ստացվում է օգտակար հանածոների արդյունահանման հարկից (ՕՀԱՀ)։ Բացի այդ, 43 մլրդ ռուբլի գոյացել է նավթային ընկերությունների վճարած լրացուցիչ եկամտահարկից, իսկ 158 միլիարդը՝ արտահանման տուրքերից։ Ակցիզների մի մասի փոխհատուցումը կազմել է 273 մլրդ ռուբլի, որն էլ տվել է վերջնական գումարը։
Օգոստոսին Urals-ի միջին գինը հուլիսի համեմատ ցածր է եղել 4,7 տոկոսով։ Այս արժեքին հավելյալ սպառնալիքներ են ներկայացնում ռուսական նավթի գնային վերին սահմանաչափ ներմուծելու G7-ի երկրների մտադրությունը, ինչպես նաեւ Եվրամիության կողմից ռուսական նավթի մասնակի էմբարգոյի ուժի մեջ մտնելը։
Ռուսական իշխանությունները նշում են, որ կհրաժարվեն նավթ վաճառել այն երկրներին, որոնք պաշտպանում են G7-ի երկրների նախաձեռնությունը։ Սակայն այս իրավիճակը կարող է բարդացնել վաճառքը եւ հանգեցնել նրան, որ հումքը վաճառվի լրացուցիչ զեղչերով:
Սեպտեմբերին գազի եկամուտները, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն։ «Հյուսիսային հոսք» գազատարի ամբողջական դադարեցումը դեռ չի հանգեցրել վառելիքի գնի կտրուկ աճի, իսկ «Գազպրոմը» մտադիր չէ մատակարարել այլ ուղիներով, ինչը նշանակում է վաճառքի ծավալների կրճատում։




























