Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատը։
Երեքշաբթի առավոտյան վարչապետի պաշտոնում իր վերջին ելույթից հետո Ջոնսոնն ընդունելության է գնացել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մոտ շոտլանդական Բալմորալ ամրոց:
Ջոնսոնից հետո թագուհու մոտ կգնա նախօրեին ընտրված իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար Լիզ Թրասը։ Եղիսաբեթ Երկրորդի մոտից նա դուրս կգա որպես վարչապետ եւ իր նոր պաշտոնում առաջին ելույթից հետո կսկսի ձեւավորել սեփական կառավարությունը։
Պահպանողականների նախկին առաջնորդ Բորիս Ջոնսոնը, ով 2019-ին փոխարինեց Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում, հուլիսի 7-ին հայտարարել է, որ հրաժարվում է վարչապետի եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից կառավարության անդամների զանգվածային հրաժարականից հետո։





























