Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր տեղեկություն է տարածել աղմկահարույց «Տերտերի գործով» հետաքննության ընթացքի մասին։ Հետաքննությունը ապացուցել է, որ զինծառայող Թեմքին Նիզամիօղլուն մահացել է խոշտանգումների արդյունքում։ Կատարվել է արտաշիրիմում, իսկ խոշտանգումների փաստը հաստատվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Qafqazinfo-ի հաղորդմամբ՝ լեյտենանտ Թեմքին Նիզամիօղլուն ծառայել է Տերտերում եւ եղել ապրիլյան մարտերի մասնակից։ Զինծառայողը վերապատրաստման է եղել, երբ անսպասելիորեն հետ են կանչել, բերման ենթարկել, տարել Շիրխարխ գյուղ ու խոշտանգել։ 2017 թվականի մայիսի 15-ին Թեմքինի ընտանիքին հայտնել են նրա մահվան մասին, իսկ մարմինը տեղափոխվել է Օրդուբադ։
Թեմքին Նիզամիօղլուն հուղարկավորվել է Օրդուբադի շրջանի Դարքանդ գյուղում՝ առանց ծնողների մասնակցության։ Զինծառայողին թաղել են դագաղի մեջ, որն արգելված էր բացել։ Հուղարկավորության մասնակիցներին հայտնել են, որ լեյտենանտը մահացել է սրտի անբավարարությունից։ Այն բանից հետո, երբ ընտանիքի անդամները սկսել են բողոքել, նրանց տրվել է պաշտոնական բժշկական եզրակացություն, որ Թեմքին Նիզամիօղլուն մահացել է թոքաբորբից՝ կապված սուր թոքային անբավարարության հետ:
Սակայն հետագա իրադարձությունները վկայում են այս տարօրինակ գործի որոշակի միստիկայի մասին։ Հինգ տարի անց՝ 2022 թվականի մայիսի 11-ին, կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչների ներկայությամբ Թեմքին Նիզամիօղլուի մարմինը արտաշիրիմվել է։ Ի զարմանս դատաբժշկական փորձագետների՝ զինծառայողի դին մնացել է աննեխ։ Կարծես ինչ-որ գերբնական ուժ թույլ չի տվել թաքցնել խոշտանգումների հետքերը։ Պարզվել է, որ զինծառայողը բութ առարկայով ծեծի է ենթարկվել, մարմնի վրա մնացել են բազմաթիվ կոտրվածքներ։





























