Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի սպառնալիքներն անընդունելի է անվանել։ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ Միցոտակիսը կրկնել է, որ Հունաստանի մշտական դիրքորոշումը երկխոսությունն է՝ հիմնված միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների վրա։
Նա նաեւ ընդգծել է, որ Հունաստանի համար անընդունելի է սպառնալիքներ ստանալը, ինչպես նաեւ՝ իր ինքնիշխանության վերաբերյալ կասկածներ ստանալը մի երկրից, որը ՆԱՏՕ-ում դաշնակից է։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին՝ չբացառելով նույնիսկ հարձակումը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Այսօր Էրդողանը Հունաստանին զգուշացրել է ցանկացած պահի հնարավոր հարվածի մասին։ «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքում կվերլուծեն Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ արդեն ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված հասցվել»,- ասել է Էրդողանը:





























