ԱԷՄԳ-ը զեկույց է հրապարակել Զապորոժիեի ԱԷԿ-ում պատվիրակության աշխատանքի մասին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», գործակալությունը ռադիոակտիվ թափոնների եւ թարմ միջուկային վառելիքի պահպանման հատուկ բլոկի վնասվածքներ է արձանագրել։
ԱԷՄԳ-ը կոչ է արել դադարեցնել կայանի եւ նրա շրջակայքի գնդակոծությունները, քանի որ դա կարող է հանգեցնել կարեւոր սարքավորումների վնասման եւ ռադիոակտիվ նյութերի անսահմանափակ արտանետման: Այդ կապակցությամբ առաջարկվել է ատոմակայանի շուրջը պաշտպանական գոտի ստեղծել։ Դա կպահանջի բոլոր կողմերի համաձայնությունը, ընդգծվում է զեկույցում։
ԱԷՄԳ-ը նաեւ կոչ է արել երաշխավորել ԶԱԷԿ-ի հաղորդակցությունը բոլոր արտաքին կազմակերպությունների հետ։ Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել մատակարարումների շղթաները՝ կայանի անվտանգության համար:
Անցյալ շաբաթ գործակալության պատվիրակությունը՝ Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, այցելել էր օբյեկտ, որը մարտ ամսից գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության տակ։ «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչները եւ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցները հյուրերի հետ շրջել են կայանում եւ ցույց են տվել գնդակոծությունների հետքերը։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, ԱԷՄԳ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով կմնան ԶԱԷԿ-ում։
Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով եւ հզորությամբ՝ կայանը ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը մեկ գիգավատ հզորությամբ։




























