Փաստաբան Ամրամ Մակինյանը Հայաստանում հանցագործությունների դեպքերի աճը կապում է երկրում տիրող ատելության մթնոլորտի հետ, որը, ըստ նրա, առաջացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին։

Պաշտոնական տվյալով, 2022 թ․ առաջին յոթ ամիսներին գրանցվել է 20 963 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 5237-ով կամ 33 տոկոսով: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 70 տոկոսով, սպանությունները՝ շուրջ 5 անգամ։ Աճել են նաեւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաեւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցանքները։

«Սա սարսափելի վիճակագրություն է, որն ատելության մթնոլորտի հետեւանք է։ Հայաստանում իշխանություն չկա, պետական կառավարման համակարգը բարձիթողի վիճակում է, ինչը երեւում է այս վիճակագրական թվերով։ Մեկ–երկու տարի պետական համակարգն աշխատում էր իներցիայով, տպավորություն էր, որ այդպես էլ պետք է շարունակվի, բայց դա այդպես չէ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Հանցագործությունների դեպքերի աճը, Ամրամ Մակինյանի խոսքով, կարմիր լույս է Կառավարության համար։ Իրավապահները, ըստ նրա, պետք է կառավարեն այդ պրոցեսները, որոնք կարող են անկառավարելի քաոս առաջացնել։

«Պետությունը ձեռքերը լվացել է հանցագործությունները կանխելու եւ բացահայտելու իր պարտականությունը կատարելուց։ Կարծում եմ, որ այս հանցագործությունների դեպքերի մեծ մասը մնում են չբացահայտված։ Ոստիկանությունը մինչեւ հանցագործության բացահայտումը, ունի կանխման  պարտականություն, մենք կարող ենք արձանագրել, որ ոստիկանության կողմից թերացում կա։ Ոստիկանությունը պարտականություն ունի ապահովելու գոնե այնպիսի վիճակ, որ հանցագործությունների դեպքերը չավելանան։ Մյուս կողմից էլ քննիչները պարտականություն ունեն պարզել հանցագործության ծնող պայմաններն ու պատճառները ու համապատասխան մարմիններին միջնորդագրերով դիմել, պահանջելով, որ նրանք այդ պայմաններն ու պատճառները վերացնեն։ Այս երկու պետական մարմիններում կան թերություններ։ Քանի որ այդ մարմինները զբաղվում են քաղաքական հանձնարարությունների կատարմամբ, իրենք այդքան ռեսուրս չեն կարող ծախսել ու անցնել իրենց պարտականությունների կատարմանը, փոխարենը նրանք զբաղված են ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելով, քննելով, դրա համար էլ մենք ունենք հանցագործությունների աճի նման վիճակագրություն»,– ասաց փաստաբանը։

Ամրամ Մակինյանի պնդմամբ, նաեւ քաղաքացիների վստահությունն է նվազել իրավապահ համակարգի նկատմամբ, եւ սեփական խնդիրները օրենքով լուծելու փոխարեն, քաղաքացիները դիմում են ծայրահեղ քայլերի, ինչն էլ հանգեցրել է հանցագործությունների դեպքերի աճին։