Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի «սադրիչ» քաղաքականությունը ճիշտ չի համարում։ Այդ մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ Եվրամիությունն առաջարկեց սահմանափակել ռուսական գազի գինը։

«Ես բացահայտ հայտարարում եմ Արեւմուտքի դիրքորոշման սխալ լինելու մասին (Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի հետ կապված): Որովհետեւ Արեւմուտքի գործողությունները հիմնված են կողմերին սադրելու վրա։ Այն հայտարարում է ռազմական աջակցության մասին։ Սակայն իրականում Արեւմուտքը հնացած զենք եւ մետաղի ջարդոն է ուղարկում Ուկրաինա»,- նշել է Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ քանի դեռ Արեւմուտքը շարունակում է ռազմական գործողություններ հրահրել, խաղաղության նախաձեռնություններն արդյունք չեն տա։

«Կարո՞ղ եք արդյոք ասել, որ այս պահին կողմերից մեկը հաղթում է: Ոչ։ Այս պատերազմը չունի հաղթողներ, բայց ունի շատ պարտվողներ։ Մեծ թվով մարդիկ են զոհվում, իսկ ֆինանսական կողմի մասին խոսելը տեղին չէ»,- ասաց նա։

Էրդողանը նշել է նաեւ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների դադարեցման մասին։

«Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը, իսկ Եվրոպայում գները կտրուկ աճել են: Հիմա (եվրոպական երկրներում) ամենուր ձմեռային սեզոնը հաղթահարելու ուղիներ են փնտրում։ Իսկ ինչո՞ւ դուք ավելի շուտ չէիք մտածում այդ մասին: Ի վերջո, Ռուսաստանն իր ձեռքում կարեւոր ռեսուրս ունի։ Փոխարենը հիմա վերլուծում են պահեստարաններում պահվող գազի ծավալները»,- ասել է Էրդողանը։