Հայաստանում բուժաշխատողները պետք է պարտադիր ատեստավորում անցնեն։ Այս մասին սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում առողջապահության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Փոփոխությունների նախագիծը, մասնավորապես, նախատեսում է անընդմեջ բժշկական կրթության (CME) շրջանակներում ատեստավորման պատճառով բացակայող բժիշկների աշխատատեղի եւ աշխատավարձի պահպանում։
Պատգամավորը նշեց, որ օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ստացված մի շարք դիմումներով։ Այսօր բուժաշխատողները պարտավոր են ատեստավորում անցնել, սակայն շատ գործատուներ խնդիրներ են ստեղծում։
«Աշխատավայրում գտնվող բուժաշխատողը ստիպված է բացակայել՝ անհրաժեշտ քանակի կրեդիտներ հավաքելու համար։ Ընդ որում, նոր կանոնները կտարածվեն միայն այն աշխատողների վրա, որոնք ստացել են բավարար քանակությամբ կրեդիտներ»,- պարզաբանեց Բադալյանը։
Բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից։





























