Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է մի շարք միջոցառումներ՝ Չինաստանի հետ բիզնեսն ավելի քիչ գրավիչ դարձնելու համար՝ փորձելով նվազեցնել իր կախվածությունը ասիական տնտեսական գերտերությունից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Միջոցառումները կարող են ներառել Չինաստանի համար ներդրումների եւ արտահանման երաշխիքների կրճատում կամ նույնիսկ վերացում, ինչպես նաեւ այնտեղ առեւտրային տոնավաճառների եւ կառավարման դասընթացների խթանման դադարեցում, ասում են նրանք: Պետական վարկատու KfW-ի վարկերը կարող են վերաուղղվել ասիական այլ երկրներ, օրինակ՝ Ինդոնեզիայում իրականացվող նախագծերին՝ առեւտուրը դիվերսիֆիկացնելու եւ ժողովրդավարական երկրների հետ բիզնեսն ընդլայնելու ջանքերին համահունչ:
Նախարարությունը նաեւ դիտարկում է ոչ միայն չինական ներդրումները Գերմանիայում, այլեւ գերմանական ներդրումները Չինաստանում ստուգելու հնարավորությունը, ասել է աղբյուրներից մեկը։
Բացի այդ, կառավարությունը ուզում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը բողոք ներկայացնել այն մասին, ինչն ինքը համարում է Չինաստանի անարդար առեւտրային պրակտիկա G7-ի հետ: «Մենք պետք է Պեկինին ցույց տանք, որ պատրաստ ենք պայքարել հանուն արդարության սկզբունքների»,- ասել է աղբյուրը։
Էկոնոմիկայի նախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս կոնկրետ միջոցառումները, բայց ասել է, որ նախարարությունը վերանայում է նպատակային միջոցառումները՝ «դիվերսիֆիկացմանը (առեւտրի եւ մատակարարման շղթաների) աջակցելու եւ կայունությունը բարձրացնելու համար»:
Նախարարությունն արդեն որոշել է այլեւս չտրամադրել ներդրումների երաշխիքներ Սինցզյան տարածաշրջանում իրականացվող նախագծերի կամ այնտեղ բիզնեսով զբաղվող ընկերությունների համար՝ մարդու իրավունքների խախտումների եւ վստահելի տեղեկատվության բացակայության պատճառով։
Մայիսին էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Volkswagen-ին Չինաստանում նոր ներդրումների երաշխիքների տրամադրումը՝ կապված Սինցզյանի հետ առնչությամբ մտահոգությունների հետ:
Չինաստանը 2016 թվականին դարձել է Գերմանիայի գլխավոր առեւտրային գործընկերը՝ ավելի քան 245 միլիարդ եվրոյի առեւտրի ծավալով՝ խթանելով Եվրոպայի ամենամեծ արտահանման վրա հիմնված տնտեսությունը:
Գերմանական ավտոարտադրողները հատկապես կախված են չինական շուկայից, որտեղ Volkswagen-ը ստանում է իր շահույթի մոտ կեսը: Գերմանիան եւ Եվրոպան նաեւ ապավինում են Չինաստանի հումքի որոշ տեսակներին:
Գերմանական նոր կառավարությունն իր կոալիցիոն համաձայնագրում համաձայնեց Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման վրա՝ խոստանալով նվազեցնել ռազմավարական կախվածությունը իր «համակարգային հակառակորդից» եւ առաջին անգամ նշելով Պեկինի համար այնպիսի զգայուն հարցեր, ինչպիսիք են Թայվանը եւ Հոնկոնգը: Կանցլեր Օլաֆ Շոլցը, ի տարբերություն Մերկելի, իր առաջին ասիական այցն է կատարել Ճապոնիա։
Ըստ աղբյուրների՝ Բեռլինն աշխատում է ազգային անվտանգության ռազմավարության վրա, որում պետք է հիշատակվի Չինաստանը, եւ Չինաստանի հանդեպ կոնկրետ ռազմավարության վրա, որը նա մտադիր է հաջորդ տարի հրապարակել:





























