Եվրոպական էներգետիկ ֆիասկոն հասել է իր գագաթնակետին, գրում է Forbes-ը։
«Գազպրոմը» հայտարարել է «Հյուսիսային հոսքի» անորոշ ժամկետով փակման մասին։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է, որ այն փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Արեւմուտքը պահպանում է իր պատժամիջոցները։
«Այս լուրերից հետո էներգակիրների գները կրկին կտրուկ բարձրացան։ Եվրոպական գազը (հոլանդական TTF) թանկացել է 35 տոկոսով՝ վերադառնալով պատմական գրեթե առավելագույնին, որը 6 անգամ գերազանցում է երկու տարի առաջվա ցուցանիշը։
Նույնիսկ վերջին թանկացումից առաջ Եվրոպայում էլեկտրաէներգիայի վճարները նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են։ Իսկ բրիտանացիները, որոնք ամենաշատն են վճարում, տեսնում են, որ իրենց էլեկտրաէներգիայի վարձերը եռապատկվում են նախորդ տարվա համեմատ։
Միեւնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները փորձում են արտակարգ միջոցներ ձեռնարկել, որոնցից մեկը 375 միլիարդ դոլար արժողությամբ ֆինանսական փաթեթն է՝ էներգիայի գները նվազեցնելու համար: Միայն Մեծ Բրիտանիան ծրագրում է 150 միլիարդ դոլար ծախսել առաջիկա 18 ամիսների ընթացքում: Հեռանկարում սա կազմում է 1 տրիլիոն դոլար փաթեթ։
Եվրոպան լիովին կախված է Ռուսաստանից․ իր էներգիայի ավելի քան երկու երրորդն արտադրում է բնական գազից, որի 40 տոկոսը Հյուսիսային հոսքից է: Որոշ երկրների համար, այդ թվում՝ Չեխիայի, Հունգարիայի, սա գազի միակ աղբյուրն է։
Այժմ Կրեմլը խաղում է Եվրոպայի էներգետիկ անզորության հետ, որպեսզի շանտաժի ենթարկի Արեւմուտքին եւ չեղարկի պատժամիջոցները:




























