Իրանի ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին շաբաթ օրը հայտարարել է, որ տեղական արտադրության «Նահատակ Սոլեյմանի» վերջերս ներկայացված ռազմանավը թույլ է տալիս ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերին ներկա գտնվել միջազգային ջրերում, հաղորդում է Mehr-ը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում եղել է 9 դեպք, երբ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ստացել են հայրենական արտադրության պաշտպանական ձեռքբերումներ, որոնցից վերջինը տեղական արտադրության «Նահատակ Սոլեյմանի» մարտական պարեկային նավն է, որը փոխանցվել է ԻՀՊԿ ՌԾՈՒ-ին։

Նա բացատրել է, որ ռազմանավը կառուցվել է իրանցի երիտասարդ մասնագետների կողմից այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր խիստ պատժամիջոցների տակ՝ ընդգծելով, որ ռազմանավի տեղական նախագծումն ու կառուցումը նշանակում է, որ պատժամիջոցները կարող են չեզոքացվել, ինչպես միշտ պնդել է Իսլամական հեղափոխության առաջնորդը։

Ծովակալ Թանգսիրին հավելել է, որ իրանցի երիտասարդ փորձագետները բարձր տեխնոլոգիական ընկերություններում մոտ երեք տարի աշխատել են «Նահատակ Սոլեյմանի» ռազմանավի նախագծման եւ արտադրության վրա:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաեւ հայտարարել է, որ Պարսից ծոցում ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի ներկայությունը հանգեցրել է տարածաշրջանում ամուր կայունության եւ ծովային անվտանգության պահպանման՝ տարածաշրջանի երկրներին վստահեցնելով, որ «իր հրամանատարության տակ գտնվող ռազմածովային ուժերն իրենց միջոցներով եւ հնարավորություններով կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը՝ նրանց հետ համագործակցությամբ»։

«Ոչ մի օտար երկիր անվտանգության հաստատման շղարշի տակ այս տարածաշրջանում չպետք է լինի, քանի որ օտարերկրացիների ներկայությունը հանգեցրել է ծովային իրավունքների եւ ծովային կյանքի ոտնահարման, որտեղ էլ որ նրանք լինեն, եւ նրանք ոչինչ չեն արել, քան տարաձայնություններ ու խառնաշփոթ առաջացնելը, երկրների ունեցվածքը թալանելը»,- ասել է իրանցի կոնտրադմիրալը։

«Սա 67 x 18 մետր չափերով նավ է, որի տախտակամածին կարող է ուղղաթիռ վայրէջք կատարել, եւ ուղղաթիռակիր է։ Այն կարող է կրել մի քանի հրթիռային սարքեր եւ տարբեր օպերատիվ դասերի տորպեդներ»,- հավելել է նա։

Պաշտոնապես ռազմանավը սեպտեմբերի 5-ին է ջուր իջեցվել։