Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 25-ին խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է` ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ նաեւ պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին, որովհետեւ եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թեւածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը:
«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է եւ պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման եւ քննության փուլերին, որ օպերատիվ եւ քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, եւ երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը:
Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք եւ այլեւս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել: Դատաիրավական ակտերի կատարման գործընթացի վերաբերյալ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը զեկույցից հետո, վճռաբեկ դատարանի նախագահը եւ արդարադատության նախարարը ներկայացրել են նախորդ խորհրդակցությունների արդյունքում քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:




























