ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Այս մասին նշվել է ՀԱՊԿ-ի քարտուղարության մեկնաբանությունում։
«2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ՝ ծանր սպառազինության եւ ԱԹՍ-ների կիրառմամբ։ Ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ եւ այն պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում։
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը ս.թ. սեպտեմբերի 13-ի ժամը 9.00-ից շփման գծում հրադադարի ձեռքբերման գործում։
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդին հայկական կողմի՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին դիմումի հետ կապված՝ կազմակերպության քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի հետ համատեղ, կազմակերպել է ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկման աշխատանք՝ իրավիճակը կարգավորելու համար։
Խորին ցավակցություններ ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ արագ ապաքինում ցանկանում վիրավորներին»։




























