Չեմ կարծում, որ տեքստի վրա լուրջ աշխատանք է տարվել կամ խաղաղության պայմանագրի տեքստեր կան՝ ի տարբերություն Մեղրիի ճանապարհով հաղորդակցությունների, որտեղ բանակցային գործընթացը բավական հեռուն է գնացել։ Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն իրականում դեռ չի սկսվել, եւ սա շատ լուրջ աշխատանք է։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Շատ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրվի, բայց դա կախված է նրանից, թե Բաքուն ինչպես կճնշի:
Բոլորն արդեն տեսել են, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրում էքսպանսիայի տեսքով։ Այլ հարց է, թե ինչ կստորագրվի։
Հասկանալի է, թե ինչ է պետք Ադրբեջանին. Նրան պետք է ինչ-որ փաստաթուղթ, որը կարող է Ադրբեջանին թույլ տալ ԼՂ-ն ներկայացնել որպես Ադրբեջանի մաս, իսկ Հայաստանում դա կարող է ներկայացվել որպես չճանաչում, այսինքն՝ կարող է լինել անորոշ։
Ստիպել Հայաստանին փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, քիչ հավանական է: Բայց ամեն ինչ կախված է իրավիճակից:
Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում բացել հաղորդակցությունները, Ադրբեջանը ցանկանում է մեկ կոնկրետ հաղորդակցություն բացել դեպի Նախիջեւան՝ Հայաստանը թողնելով շրջափակման մեջ։
Անվանեք միջանցք, թե ոչ, դա տեխնիկական խնդիր է։ Այն կարող է տեխնիկապես դասավորվել այնպես, որ փաստաթղթերը հնարավոր լինի ստուգել էլեկտրոնային ձեւով։
Տեսնենք, թե ինչպես է հայկական կողմին այս անգամ հաջողվում հասնել այս ճանապարհի բացման այլ պայմանների։ Դրա համար պետք է աշխատանք տարվի, ստուգված դիվանագիտություն է պետք, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում»,-ընդգծեց Իսկանդարյանը։





























