Թայվանի պատգամավորների պատվիրակությունը այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ նրանք բանակցություններ կվարեն ամերիկացի մի շարք պաշտոնյաների հետ, հաղորդում է Radio Taiwan International-ը։
Խորհրդարանականները կհանդիպեն ամերիկացի գործընկերների հետ եւ փակ բանակցություններ կվարեն ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են Թայվանի խնդրով։
Պատվիրակության կազմում ընդգրկված են Չինաստանի հետ համագործակցության հանդեպ ավելի լոյալ համարվող ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության չորս ներկայացուցիչներ, եւ մեկ պատգամավոր՝ իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունից։ Բացի այդ, քիչ ուշ նրանց կմիանա յուրաքանչյուր կուսակցությունից մեկ անդամ։
Թայվանի հարցը բաց է 1949 թվականից, երբ մայրցամաքում հռչակվեց կոմունիստական Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ «Գոմինդանը», որը նախկինում կառավարում էր երկիրը, փախավ Թայվան: Պեկինը պնդում է «մեկ Չինաստանի սկզբունքը», ըստ որի չի կարելի միաժամանակ ճանաչել եւ՛ ՉԺՀ-ն, եւ՛ Չինաստանի Հանրապետությունը Թայվանում։





























