Այսպիսի իրավիճակում Հայաստանի դիմումով ՀԱՊԿ խորհրդի նիստի անցկացում եւ առաքելության ուղարկում Հայաստան դեռ չէր եղել, եւ հիմա այդ որոշումը կայացված է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ինչ խնդրանքով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին եւ ի պատասխան ինչ է ստացվել։
«Լինելու է դիտորդական առաքելություն: Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը: Մնացածը դեռ քննարկվում է: Պետք է ասեմ, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում, որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն: Այսպիսի իրավիճակում Հայաստանի դիմումով ՀԱՊԿ խորհրդի նիստ եւ առաքելության ուղարկում Հայաստան դեռ չէր եղել եւ հիմա այդ որոշումը կայացված է»,- նշեց Միրզոյանը:
Միրզոյանի դիտարկմամբ՝ միջազգային արձագանքը Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում մեծամասամբ հասցեական էր:
«Անշուշտ, որոշ երկրների եւ կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական եւ ուղիղ էր, որքան մենք կցանկանայինք եւ կհամապատասխաներ իրականությանը, բայց աշխատանքները տարվել են եւ հիմա էլ տարվում են»,- ասաց Արարատ Միրզոյանը:











