Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հակամարտության խաղաղ լուծման հույս ունի, ասել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Ցանկանում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ այն խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել է Սիդորովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք կան Հայաստանի եւ Ադրբեջանի սահման խաղաղապահ զորակազմ ուղարկելու պլաններ։
«Ռազմական ուժի կիրառման, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, մասին ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր եւ, ես կարծում եմ, ոչ էլ առաջիկայում խոսք չկա»,- ընդգծել է նա։
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։ «Մենք հույս ունենք, որ այսուհետ եւս գործընթացները կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի եւ ուժի կիրառման»,- ավելացրել է նա։





























