Նոր սոցիալական իրականությունը կարող է սթրես առաջացնել առաջին դասարանցու մոտ: Այդ մասին օգոստոսի 26-ին կայացած ասուլիսում հայտնել է դոցենտ, հոգեթերապեւտ Ռուբեն Պողոսյանը:

«Փոփոխությունը եւ պատասխանատվության նոր զգացումը կարող է առաջին դասարանցիների մոտ հոգեբանական հարվածի պատճառ հանդիսանալ: Անցումը նախադպրոցական շրջանից դպրոցականի կարող է սահուն տեղի ունենալ: Երեխաներին սրթեսներից հետ պահելու համար տարրական դպրոցների ուսուցիչները պետք է առաջին հերթին հոգեբան լինեն եւ անհատական մոտեցում ցուցաբերեն յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ:

Պետք է լինի ծնող-ուսուցիչ-աշակերտ մշտական կապը: Շատ առաջին դասարանցիներ դպրոց են գալիս խաղալիքներով, որոնք հին եւ նոր փուլերի միջեւ անցումային օբյեկտների դեր են խաղում: Հետեւաբար, ոչ երկար ժամանակի ընթացքում չարժի առաջին դասարանցուց վերցնել նոր խաղալիքները, քանի որ աշակերտի մոտ դա կարող է տհաճություն առաջացնել ուսումնական գործընթացի նկատմամբ»,- նշել է դոցենտը:

Հոգեթերապեւտը խորհուրդ է տալիս ծնողներին առանձնակի ուշադրություն ցուցաբերել դեռահասության շրջանում գտնվող երեխաների նկատմամբ: «Դպրոցական արձակուրդներից հետո դեռահասների մոտ կարող են ներքին հակասություններ առաջանալ, քանի որ նրանք պետք է նոր վերաբերմունք դրսեւորեն իրենց կրթության, ապագայի հանդեպ: Ոմանց մոտ կարող են դրսեւորվել այսպես կոչված պոռթկումներ, որոնք ուղեկցվում են պահվածքային փոփոխություններով»,- եզրակացնում է Պողոսյանը: