Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 26-ին հրավիրել է խորհրդակցություն` նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ Հայաստանի բուհական եւ հետբուհական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության, առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի պետական բուհերի ռեկտորները:
Խորհրդակցության սկզբում նշելով, որ մեր պետության անկախության անցած քսան տարիների ընթացքում կրթության ոլորտում եղել են եւ ձեռքբերումներ, եւ բացթողումներ, Հանրապետության ղեկավարն առաջարկել է նախ լսել ոլորտում իրականացվող բարեփոխումների, գերակայությունների եւ խնդիրների մասին Կրթության եւ գիտության նախարարի խոսքը, ապա մտքեր փոխանակել առաջիկա անելիքների շուրջ:
Նախագահի խոսքով, կարեւոր է աշխատանք իրականացնել մասնագետների որակի բարձրացման եւ հեղինակավոր կառույցների հետ բուհերի համագործակցության ձեւավորման ու զարգացման ուղղությամբ, որի արդյունքում կփոխվի համակարգի եւ առհասարակ, կրթության ոլորտի վերաբերյալ հասարակական ընկալումը, ըստ որի` հանրապետության բուհերն այսօր չեն կարողանում որակյալ եւ շուկայում պահանջված մասնագետներ պատրաստել: Թեեւ, ըստ Հանրապետության ղեկավարի, այս հարցում կարելի է բանավիճել եւ ասել, որ այսօր կան փայլուն գիտելիքներ ստացող երիտասարդներ, ովքեր մեր երկրի ապագան են:
Նախարար Արմեն Աշոտյանի խոսքից հետո, ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է ոլորտում առկա այն ընդհանուր խնդիրները, որոնք վերաբերում են հանրապետության բոլոր բուհերին եւ պարբերաբար քննարկվում են խորհրդում:
Ռեկտորները նաեւ առաջարկություններ են ներկայացրել բուհերի կառավարման որակի բարձրացման, ֆինանսավորման, ավագ դպրոցների հետ բուհերի համագործակցության զարգացման, շրջանավարտներին աշխատանքի տեղավորման, համատեղ ուժերով ուսանողական նոր հանրակացարանների կառուցման, լաբորատորիաների արդիականցման ու ոլորտի մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Հանրապետության նախագահը հանձնարարել է Կրթության եւ գիտության նախարարին՝ ամփոփել բարձրացված հարցերը եւ կարճ ժամկետում առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ:




























