ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը ուսումնասիրելու, եւ համատեղ լրացուցիչ միջոցառումների համար առաջարկներ նախապատրաստելու համար։
ՀԱՊԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության է ժամանել առաքելությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։ Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։
Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, մանրամասն զեկույց պատրաստել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին եւ առաջարկներ մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար։
Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման եւ մոնիտորինգի միջոցառումներ, ինչպես նաեւ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ։
Նախօրեին Հայաստանում իր աշխատանքն է ավարտել ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։





























