Ռուսական «Առաջին ալիքի» «Время покажет» հաղորդման հաղորդավար Անատոլի Կուզիչեւը ներողություն է խնդրել նախօրեին արած իր հայտարարությունների համար։ Նա, մասնավորապես, պնդել է, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի, ոչ թե Հայաստանի վրա։
«Ես երեկ հիմարություն ասացի, սխալվեցի, լեզվի սայթաքում թույլ տվեցի, ուղղվեցի։ Խոսքը սահմանամերձ շրջանների, պետության տարածքի մասին է, երեկ մենք կոնկրետ խոսեցինք Հայաստանի մասին»,- ասել է Կուզիչեւը՝ ներողություն խնդրելով «այս հիմար սխալի համար»։ «Ուզում եմ ասել շնորհակալություն (հայերեն է ասել)»: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասել է Կուզիչեւը։
Նշենք, որ վերոնշյալ հաղորդման ընթացքում հաղորդավար Անատոլի Կուզիչեւը, մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, որոշել է նրան «դատապարտել» աշխարհագրության չիմացության համար՝ պնդելով, որ Ադրբեջանի վերջին ագրեսիան իրականացվել է «վիճելի տարածքների», այսինքն՝ Արցախի, այլ ոչ թե Հայաստանի դեմ։
Նրան արձագանքել է հրավիրված ռուս փորձագետներից մեկը՝ Վլադիսլավ Շուրիգինը, հավաստիացնելով, որ «հայ-ադրբեջանական ուժերի վերջին բախումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում... երկար ժամանակ կպահանջվի ուսումնասիրելու համար, թե ով է առաջինը հարձակվել եւ ինչու»:
Ավելի ուշ հյուրերից մեկը՝ Դմիտրի Աբզալովը, ուղղել է հաղորդավարի ու հյուրերի սխալը՝ նշելով, որ բախումները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Արցախում։



























