Հարավային Կովկասի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը «անխուսափելի անհրաժեշտություն է»։ Այս մասին ասվում է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի հայտարարության մեջ՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջին սրման հետ։
Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանի ցանկացած խախտում անընդունելի է եւ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ «Ցավոք, վերջին ամիսներին որոշ շարժումներ հանգեցրել են այս զգայուն տարածաշրջանում անվտանգության եւ քաղաքականության ոլորտում հավասարակշռության եւ պայմանավորվածությունների խախտման։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի երկրներին կոչ է անում պահպանել բարիդրացիությունը եւ պատշաճ ու վճռական արձագանքել սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) եւ ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանում աշխարհաքաղաքական դավադրական ծրագրերի միջոցով ապստամբության հրահրմանը։
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովն իր պարտականությանը եւ առաքելությանը համապատասխան՝ ավելի ուշադիր կհետեւի կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Իրանի ժողովրդի անբաժանելի իրավունքները պաշտպանելու համար։
Որպես մասնագիտացված հանձնաժողով, որին հանձնարարված է վերահսկել երկրի անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը, հանձնաժողովը Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ փորձագիտական մակարդակով մի քանի հանդիպումներ է անցկացրել համապատասխան կառույցների հետ, որոնց արդյունքները, ինչպես ակնկալվում է, կնպաստեն տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։




























