Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մտադիր է նրա հետ քննարկել նաեւ Ուկրաինայում Թուրքիայի միջնորդության հեռանկարները, հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ Էրդողանը Պուտինի հետ կքննարկի «հեռանկարները, քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել հրադադարի հասնելու համար»։ Նա նշել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար բազմաթիվ «ստորջրյա քարեր, ծուղակներ ու փոսեր» կան։
Քալինը հավելել է, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցների ընթացքում ՌԴ ղեկավարը հայտարարել է Անկարայի միջնորդությամբ Կիեւի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։
Այս շաբաթ Պուտինը կմեկնի Աստանա՝ Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի (CICA) գագաթաժողովին, ինչպես նաեւ կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվի Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու վերաբերյալ Անկարայի առաջարկը։





























