ԱՄՆ-ն, Ուկրաինան եւ Լեհաստանը «Հյուսիսային հոսքում» դիվերսիայի հիմնական շահառուներն են,  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այլ մանրամասների կարիք չկա, ամեն ինչ պարզ է։ Ի վերջո, մեծանում է մնացած գազային համակարգերի աշխարհաքաղաքական նշանակությունը․ դրանք անցնում են Լեհաստանի տարածքում, Ուկրաինայի տարածքում՝ Յամալ-Եվրոպա գազատարով։ Եվ, իհարկե, ԱՄՆ այժմ կարող է բարձր գներով էներգառեսուրսներ մատակարարել»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթը» խորագրով ֆորումում։   

Նա նշել է, որ ներկայիս պայմաններում  հնարավոր է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի մեծ ծավալներ պարտադրել եվրոպական երկրներին, եւ որ այն մրցունակությամբ ակնհայտորեն զիջում է ռուսական գազին։ 

Նրա խոսքով, «բացի գնային ցուցանիշներից, կան նաեւ լրացուցիչ ռիսկեր»։ 

ՌԴ նախագահը  «Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած արտակարգ դեպքն անվանել է միջազգային ահաբեկչություն եւ ամենավտանգավոր նախադեպը: Նա հայտարարել է, որ այդ հարձակումների կազմակերպիչները «ոչնչացնում են մրցակիցների ենթակառուցվածքը՝ սպառողներին զրկելով էժան էներգառեսուրսներից եւ ստիպելով նրանց գնել այս ամենը շատ ավելի թանկ գնով»։