Տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ ամեն ինչ կարող է լինել՝ չնայած անցյալ շաբաթվա գործընթացներին, այդ թվում՝ Պրահայի հանդիպմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նա վստահեցրեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի ուշադրությունը Հարավային Կովկասի, հատկապես Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ միայն ամրապնդվում է, հետեւաբար, ինչպիսին էլ լինեն ներքին խնդիրները Իրանում, դրանցով հնարավոր չէ շեղել ուշադրությունը տարածաշրջանից։
«Հայաստանի խորհրդարանի Հայաստան-Իրան բարեկամության խումբը վերջերս այցելեց ԻԻՀ, հանդիպումներ տեղի ունեցան անվտանգության եւ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի հետ։
Երեկ Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Թեհրանն ուշադիր հետեւում է գործընթացներին եւ չի հանդուրժի ու թույլ չի տա սահմանային ու աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում։ Այս ազդանշանն ուղարկվեց եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Թուրքիային։
Իմ տեղեկություններով, որոնք գալիս են խորհրդարանից եւ այլ տեղերից, Իրանում բողոքի ցույցերը գնալով մարում են։ Իշխանություններին հաջողվում է վերահսկողության տակ առնել իրավիճակը այն քաղաքներում, որտեղ դրանք տեղի են ունենում»,- հավելեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորս կետից բաղկացած հայտարարությամբ էր հանդես եկել։
«Կետերից մեկը վերաբերում էր Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությանը։ Իրանի քաղաքականությունն այս ուղղությամբ չի փոխվել։
Վերջերս խորհրդարանում հայտարարվել է, որ Իրանը չի ընդունում որեւէ այլ փոփոխություն, բացի նրանցից, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հատկապես՝ ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությունը: Սա չի բխում Իրանի շահերից»,- արձանագրեց Բեգլարյանը։
Հարկ է հիշել նաեւ այս տարվա հուլիսին Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր Թեհրանի զգայունության եւ «կարմիր գծերի» մասին՝ Հայաստանին եւ Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանների փոփոխության անընդունելիությանը վերաբերող հարցերում։
Արամ Դանիելյան





























