Թայվանը մտադիր չէ զիջումների գնալ իր ինքնիշխանության, ազատության եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու հարցերում, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թայբեյի վարչակազմի ներկայացուցիչ Չժան Դունհանին։
Նա այսպես է մեկնաբանել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ծնպինի՝ կղզու հետ վերամիավորման հեռանկարների մասին հայտարարությունները՝ Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարի բացման արարողությանը։ Նախագահը հայտարարել էր ՉԺՀ-ի վճռականության մասին՝ ընդդիմանալու Թայվանի անկախությանը:
Ինչպես նշել է Չժան Դունհանը, Թայբեյի դիրքորոշումը շատ ամուր է։ Նրա խոսքով՝ Թայվանի ժողովուրդը միակարծիք է այն հարցում, որ ինքնիշխանության, ժողովրդավարության եւ ազատության հարցերում անհնար է զիջումների գնալ։
Նրա խոսքով, կղզու բնակիչներն անընդունելի են համարում Պեկինի առաջարկած «մեկ պետություն, երկու համակարգ» բանաձեւը։ Նա Թայվանն «ինքնիշխան եւ անկախ երկիր է կոչել»։





























