Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

«Այն կօգնի ամրապնդել վստահությունը և թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,-գրել է նա։

Նշենք, որ Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը հաստատել են  Ադրբեջանի հետ Հայաստանի սահման 40 հոգուց բաղկացած քաղաքացիական դիտորդական առաքելության գործուղելու որոշումը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահման Եվրամիության քաղաքացիական դիտորդներ գործուղելու համաձայնությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում: Որոշումը նախորդ շաբաթ հաստատել էին անդամ երկրների դեսպանները, որից հետո Հայաստան էին ժամանել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության անդամները:

Աստանայում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իրենք կտրականապես մերժել են Ադրբեջանի տարածքում եվրոպական դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորությունը: