Այո, վերջին շրջանում Ադրբեջանի հետ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում, մենք պատրաստ ենք եւ ամեն ջանք գործադրելու ենք, որ նույն ինտենսիվությամբ աշխատանքները շարունակվեն տարածաշրջանում ի վերջո, իսկապես կայուն, երկարատեւ ու արդար խաղաղություն հաստատելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս առումով մեր ակնկալիքներն ու տրամադրվածությունը չի փոխվել:
Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցություններին, շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ, ես կասեի առավելապաշտական պահվածք եւ նաեւ տեսնում ենք ուժի գործադրմամբ կամ ուժի գոերծադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն ու փորձ:
Միայն այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Մենք գիտենք, որ դրանից առաջ եղել է եւս մեկ ագրեսիա, դրանից առաջ եւս մեկ սադրիչ գործողություն եւ նաեւ հռետորաբանություն: Ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին եւ կառուցողական բանակցություններին: Մենք կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը»,-ասաց ԱԳ նախարարը:





























