Բանակում զինվոր Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո:

Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Հարցին, թե ովքե՞ր կարող էին բռնություն գործադրած լինել ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի նկատմամբ եւ ինչպիսի զարգացումներ կան այս պահի դրությամբ, Դ. Կարապետյանը պատասխանել է. «Այդ գործով այսօր ձերբակալվել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է: Դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Արցախում է գտնվում նաեւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Իրականացվում են օպերատիվ մեծածավալ աշխատանքներ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: Վաղը դեպքի վայր է մեկնելու նաեւ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը: Նախաքննության շահերից եւ ձերբակալվածների ընտանիքների անդամների անվտանգությունից ելնելով առայժմ ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Նախաքննությունը շարունակվում է, առաջիկա օրերին հնարավոր են նաեւ այլ ձերբակալություններ»: