Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ թյուրիմացությունը վերացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է Mehr-ը։
Նա նշել է, որ Իրանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքները հիմնված են կեղծ տեղեկությունների եւ կանխակալ ենթադրությունների վրա եւ որոշ երկրների լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ նպատակաուղղված ու քաղաքական մթնոլորտի մաս են կազմում։
Նա նշել է, որ զենքի, այդ թվում՝ ռազմական անօդաչու թռչող սարքերի առաքման հետ կապված որոշ պնդումներ չունեն օրինական հիմք եւ կեղծ են։ Քանանին հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ այդ մեղադրանքները հերքելու համար։
Նա ընդգծել է, որ Իրանը միշտ դեմ է եղել պատերազմի շարունակմանը երկու երկրների՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության սկզբից ի վեր եւ հայտարարել է խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Նա հիշեցրել է, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը մի քանի հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի իր գործընկերների հետ այս հարցի շուրջ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ընդգծել է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հանդեպ հարգանքը՝ հիմնվելով իր սկզբունքների վրա եւ ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային նորմերի նպատակներին համապատասխան, հավելել է Քանանին։
Նշենք, որ այսօր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ մտադիր է երկրի նախագահին առաջարկել խզել հարաբերությունները Իրանի հետ։ Նրա խոսքով՝ «Իրանի գործողությունները ստորություն են ու սուտ, որը մենք չենք հանդուրժի»։ «Չէ որ Իրանն այս բոլոր գործողությունները կատարել է՝ միաժամանակ ասելով մեզ, որ ինքը դեմ է պատերազմին եւ չի աջակցի կողմերից որեւէ մեկին զենքով»,- ասել է Կուլեբան։





























