Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակման նախադրյալներ չկան, սակայն փորձեր կլինեն բարելավելու նրա դիրքերը, այդ թվում՝ ուժային ազդեցության միջոցով։  Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակում ասաց ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

Ըստ նրա՝ Ադրբեջանին պետք է այդ լարվածությունը, քանի որ հող է նախապատրաստվոում առեւտրի համար։

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, ինչպես ԽՍՀՄ ժամանակների բոլոր սահմանները, սահմանազատված եւ սահմանագծված չէ, հետեւաբար, նման խնդիրներն անխուսափելի են»,-կարծում է փորձագետը։ Երբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս տիպի խնդիր առաջացավ, Ռուսաստանը զիջեց Ադրբեջանին բավականին մեծ, վիճելի հատված։ Նույնը Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում էր։

«Այստեղ շատ դժվարություններ են առաջանում, եւ, իհարկե, Ադրբեջանն օգտագործում է այդ լծակը Երեւանի վրա ճնշում գործադրելու համար։ Բաքուն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. եթե դուք համաձայն չեք մեր պայմաններին, ապա մենք կրկին կբարձրացնենք սահմանին այս կամ այն ​​տարածքի սեփականության հարցը»,-հավելեց Սկակովը։