Վերջին շաբաթների ընթացքում, վերջին օրերին, մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ։ Երեւան ժամանելուց մեկ ժամ առաջ զրույց ունեցա ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։ Ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ պատասխանելով իրանական միջուկային գործարքի վերականգնման մասին հարցին։ Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել արդյունավետ համագործակցություն եւ բանակցություններ ձեւավորել հատկապես ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցության ուղղությամբ։ «ԱԷՄԳ-ն անարդար հայտարարություններ է անում Իրանի նկատմամբ։ Մենք խնդրել ենք համապատասխան պատասխաններ փոխանցել եւ արձանագրություն մշակել, որը պետք է կիրառվի։ Բացի այդ, մենք բանակցություններ ենք վարել իրանցի եւ ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման շուրջ։ Այս հարցում մենք լավ արդյունքների ենք հասել։ Ամերիկյան պատվիրակությունը Իրան է ժամանել երրորդ երկրի միջոցով։ Մարդասիրական առաքելության շրջանակներում մեկ բանտարկյալ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի հպատակ, հանձնվել է Օմանին։ Բանակցությունները շարունակվում են»,- հավելել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նա հիշեցրել է, որ միաժամանակ ԱՄՆ-ը եւ որոշ արեւմտյան երկրներ հապճեպ հայտարարություններ են արել՝ կապված վերջին բողոքի ցույցերի հետ։
«Մենք ամեն ինչ վերահսկում ենք։ Մենք առանձնացնում ենք ահաբեկիչներին եւ մարդկանց, ովքեր պարզապես պաշտպանում են իրենց շահերը։ Երկրորդ խմբի քաղաքացիներից ոչ մեկը հետապնդման չի ենթարկվել։ Մենք արեւմտյան երկրներին կոչ ենք արել սխալ տվյալների հիման վրա քայլեր չձեռնարկել Իրանի ղեկավարության դեմ, չկապել այն միջուկային համաձայնագրի բանակցությունների հետ եւ չխանգարել վերադարձը համապարփակ բանակցություններին»,- եզրափակել է նախարարը։





























