ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելանալով 74 տոկոսով։ Այս մասին Երեւանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի հոկտեմբերի 21-ի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելացրել է, որ արտահանումը Հայաստանից կրկնակի ավելացել է, իսկ ներմուծումն ավելացել է 58 տոկոսով։
Նրա գնահատմամբ՝ չնայած քաղաքական լարվածությանը եւ աշխարհի բարդ սոցիալ-տնտեսական վիճակին, ԵԱՏՄ-ն հետեւողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը, խորացնում համագործակցությունն անընհատ գլոբալ մարտահրավերների պայմաններում։
«Մենք վստահաբար կարող ենք փաստել ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում դրական արդյունքների եւ միտումների առկայությունը փոխադարձ առեւտրում։ Մենք հասել ենք լուրջ հաջողությունների, ստեղծվել է ընդհանուր շուկա, նկատելիորեն բարձրացել են փոխադարձ առեւտրի ցուցանիշները։ ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկայի տրամադրած բոլոր հնարավորություններով հանդերձ՝ մենք պահպանում ենք նաեւ ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները եւ պահանջները եւ անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների, կիրառում ենք պաշտպանական միջոցներ՝ սեփական ներքին շուկաների համար»,- նշել է Փաշինյանը։











