Բրիտանացի բուքմեքերները նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին համարում են կառավարության ղեկավարի պաշտոնի ֆավորիտներից մեկը։
«Բորիս Ջոնսոնը թորիների առաջնորդի պաշտոնի երկրորդ հավակնորդն է այն բանից հետո, երբ, ըստ երեւույթին, արժանացել է խորհրդարանի պահպանողական անդամների զգալի աջակցությանը»,- նշվել է խոշորագուն բուքմեքերական պլատֆորմներից մեկի հաղորդագրությունում։
Վարչապետի պաշտոնի համար մրցավազքի առաջատարը մնում է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Երրորդ տեղում Համայնքների պալատի առաջնորդ Փենի Մորդաունթն է։
Ավելի վաղ Express պարբերականը տեղեկացրել էր, որ Ջոնսոնը, հավանաբար, կառաջադրվի վարչապետի պաշտոնում։ Telegraph թերթի համաձայն՝ նա պահպանողական խորհրդարանականներին կոչ է արել պաշտպանել իր թեկնածությունը։
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս այդ պաշտոնում 44 օր աշխատելուց հետո։ Միացյալ Թագավորության պատմության մեջ նա մտել է որպես ամենակարճ ժամկետով պաշտոնավարած վարչապետ։





























