Էներգետիկ ոլորտում ԵՏՄ ընդհանուր արդյունաբերական շուկաների ձեւավորումը դառնում է ոչ միայն ԵՏՄ մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլ անհրաժեշտ պայման՝ ռեսուրսային հարթակի տնտեսական ինտեգրման ներուժն իրացնելու համար։ Այս մասին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ հիմնված փոխըմբռնման վրա եւ, հաշվի առնելով միության անդամ բոլոր երկրների շահերը, կարգավորելու գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթներ, որոնց իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջությամբ օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵՏՄ անդամ երկրները չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը մինչեւ երկկողմ համաձայնագրերի ավարտը։ Սա շատ զգայուն թեմա է, եւ մենք բոլորս գնային հորիզոնում ըմբռնման կարիք ունենք, գոնե միջնաժամկետ հեռանկարում»,-ասել է նա։
Նա վստահեցրել է, որ ԵՏՄ-ն հետեւողականորեն գնում է արգելքների վերացման ուղղությամբ՝ դա անվանելով ներքին շուկայի կայունության խնդիր։ «Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունը մեծապես կախված է փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից»,-նշել է Փաշինյանը։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ֆինանսական կառույցների ներուժի օգտագործումը եւ համատեղ ջանքերը շուտով գործնականում թույլ կտան անցնել Միությունում պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությանը։
«Մյուս կարեւոր եւ համապատասխան ոլորտը էլեկտրոնային առեւտրի ոլորտն է, որի մասնաբաժիննանընդհատ աճում է։ Էլեկտրոնային առեւտրի ոլորտում արդյունավետ հարկաբյուջետային կարգավորումը գնալով ավելի կարեւոր է դառնում մեզ համար»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ մինչեւ 2027 թվականը ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրով նախատեսված ՏՏ ոլորտում հետեւողական քայլերի ձեւավորումը ռազմավարական հիմք կծառայի թվային լուծումներ մուտք գործելու համար, որոնց պահանջարկը. չափազանց բարձր է:
«Ուզում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր երկրների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման»,-եզրափակել է Փաշինյանը։











