Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Կովաչեւի գործունեությունը եւ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը, որը բխում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը եւ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու այլ հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձեւերի համար եւ կարեւորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել առաջիկայում Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակվելիք զեկույցին:





























