Հարավին Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար առաջ քաշված «Բարիդրացիության խաղաղ նախաձեռնությունը» չի հակասում եւ չի փոխարինում համագործակցության որեւէ այլ ձեւաչափին։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, գրում է  Նովոստի Վրաստանը ։

Ղարիբաշվիլին ասել է նաեւ, որ բանակցությունների ընթացքում կողմերը եկել են այն եզրակացության, որ «Ուկրաինայում իրավիճակը, պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով»։

Վրաստանի վարչապետը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում եւ աշխարհում՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը։

«Կցանկանայի նաեւ ասել, որ ի դեմս տարածաշրջանում եւ աշխարհում արագ փոփոխվող եւ բարդ մարտահրավերների, մեծ նշանակություն է տրվում խաղաղությանը եւ կայունությանը, որոնք մեր տարածաշրջանի եւ ընդհանուր առմամբ մեր ժողովուրդների բարօրության հիմնական գործոններն են։ Մենք անդրադարձանք նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին,  խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս ձեռք բերված  պայմանավորվածությանը։

Սա, իհարկե, մեծ հույս է տալիս մեզ։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ հաստատել, որ Վրաստանը, ես եւ մեր կառավարությունը հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամության մասին՝ շարունակել եւ աջակցել խաղաղության քաղաքականությանը, որը մենք միասին սկսել ենք», — ասել է նա։