Հյուսիսային սահմաններին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի վերջին զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում հարեւան որեւէ երկրի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նա նշել է, որ դրանք նախապես ծրագրված վարժանքներ են եղել Իրանի զինված ուժերի պարբերական զորավարժությունների շրջանակներում եւ ուղղված չեն եղել հարեւան որեւէ պետության դեմ։
«Հարեւանները կարեւոր են մեզ համար, եւ հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը առաջնահերթություն է մեզ համար։ Ընդհանուր սահմանների անվտանգությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է»,- ասել է նա՝ նշելով, որ Իրանն իր զորավարժությունների մասին տեղեկացնում է նրանց, ում անհրաժեշտ է։ «Բարեբախտաբար, Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում։ Ադրբեջանի իշխանությունները նախապես տեղեկացվել են այս զորավարժությունների մասին։ Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունն ու միջազգային սահմանները չպետք է փոխվեն»,- նշել է նա։





























