Սերբիայի նոր կառավարությունը նախատեսում է 12 միլիարդ եվրո ներդնել էներգետիկ նախագծերում, ներառյալ՝ նավթի եւ գազի խողովակաշարերն ու արտադրական հզորությունների ավելացումը, ասել է վարչապետի թեկնածու Անա Բռնաբիչը։
«Էներգետիկան եւ էներգետիկ նոր քաղաքականությունը բացարձակ առաջնահերթություն կլինեն»,- ասել է Բռնաբիչը խորհրդարանում ելույթի ժամանակ՝ վարչապետի պաշտոնում երրորդ ժամկետի համար աջակցություն ստանալու նպատակով:
Երկիրը ներկրում է էլեկտրաէներգիա եւ մեծապես կախված է Ռուսաստանից Թուրքիայի տարածքով գազի ու Խորվաթիայի տարածքով նավթի մատակարարումներից:
Բռնաբիչը նշել է, որ նոր կառավարությունը դիվերսիֆիկացնում է իր հնարավորությունները՝ ավարտելով Բուլղարիայի հետ գազատարը, որպեսզի թույլ տա նրան միանալ Հունաստանում հեղուկ բնական գազի (ՀԲԳ) տերմինալին:
Նրա խոսքով՝ նոր կառավարությունը նաեւ կմեծացնի հիդրոէներգետիկայի հզորությունը եւ կկենտրոնանա դեպի Հունգարիա նավթամուղի կառուցման վրա:
Խորհրդարանը, որում իշխող կուսակցությունն ունի 250 տեղերից 120-ը, քննարկումներից հետո չորեքշաբթի քվեարկություն կանցկացնի, եւ, ինչպես սպասվում է, Բռնաբիչին կհաստատի վարչապետի պաշտոնում։





























