Ռումինիան կարագացնի պաշտպանական գնումները եւ կակտիվացնի բանակցությունները Թուրքիայի, Բուլղարիայի ու Վրաստանի հետ, որպեսզի դիմակայի Ուկրաինայում պատերազմի հնարավոր հետեւանքներին դեպի Սեւ ծով: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության գերագույն խորհուրդը, փոխանցում է Reuters-ը։
Սեւ ծովը վճռորոշ նշանակություն ունի հացահատիկի, նավթի եւ նավթամթերքի փոխադրման համար։ Նրա ջրերը կիսում են Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան եւ Ռուսաստանը։
«Վերլուծվել են պոտենցիալ սպառնալիքներին դիմակայելու առաջարկները՝ Սեւծովյան տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու եւ հակամարտության ընդլայնումը կանխելու նպատակով»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Նշվում է, որ առաջարկները ներառում են Ռումինիայի զինված ուժերի ուժեղացում, ռազմական գնումների ծրագրերի արագացում, նրա տարածքում ՆԱՏՕ-ի ավելի շատ զորավարժությունների անցկացում, սեւծովյան հարեւանների հետ բանակցությունների ակտիվացում եւ սեւծովյան ընդլայնված տարածաշրջանում միջցանցային փոխազդեցության նախագծերի մշակում։
Ռումինիան 650 կիլոմետրանոց սահման ունի Ուկրաինայի հետ, այնտեղ տեղակայված է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգ եւ այս տարվանից՝ դաշինքի մշտական մարտական խումբ:





























